Հարկային օրենսգիրք, հոդված 381 — ՀԴՄ կիրառության կանոնները և կտրոնի պարտադիր դաշտերը

381 հոդվածի՝ ՀԴՄ-ի կիրառման կանոնները սահմանող և ֆիսկալ կտրոնի 19 պարտադիր դաշտերը սպառիչ թվարկող, հայերեն բնագիրը և fiscal.am-ի թարգմանությունները։

Վերջին ստուգում՝ 5 մայիսի, 2026 թ.

Ինչպես է fiscal.am-ն օգտագործում այս հոդվածը

381 հոդվածը հենց 380 հոդվածի կողքին է. եթե 380-ը սահմանում է ՀԴՄ-ի կիրառման պարտականությունը, ապա 381-ը՝ ինչպես — հարկային մարմնում գրանցումը, սարքի ֆիզիկական տեղադրումը և յուրաքանչյուր կտրոնի վրա պարտադիր դաշտերի սպառիչ ցանկը (3-րդ մաս, 1–19 կետեր)։ Ֆիսկալավորման ռեժիմի «Ֆ» նշանը (15-րդ կետ) և ՊԵԿ-ի ալգորիթմով գեներացվող 8-նիշ ֆիսկալ համարը (17-րդ կետ) այն բաներն են, որ կտրոնն իրավաբանորեն դարձնում են ֆիսկալ։ Բուն կտրոնը քննարկում ենք Ֆիսկալ կտրոնի անատոմիա էջում։ Վերջին ներառված փոփոխությունը՝ ՀՕ-255-Ն, 2025 թվականի հուլիսի 3։

Աղբյուր: ՀՀ Հարկային օրենսգիրք ARLISՎերջին ստուգում: 5 մյս, 2026 թ.
  1. §1

    Հայերեն · canonical

    Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված և Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով:

  2. §2

    Հայերեն · canonical

    Հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի, շրջիկ առևտրի կետի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Շրջիկ առևտրի կետերի միջոցով, ինչպես նաև Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված՝ ապրանքի անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:

  3. §3

    Հայերեն · canonical

    Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները). 1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ. 2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը). 3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը. 4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ). 5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ). 6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին. 7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների. 8) ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան. 9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան. 10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում). 11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների. 12) ընդհանուր գումարը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների. 13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների. 14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը. 15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ). 16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն. 17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների). 18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների). 19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):

  4. §3.1

    Հայերեն · canonical

    Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:

  5. §3.2

    Հայերեն · canonical

    Կառավարության սահմանած դեպքերում և կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

  6. §4

    Հայերեն · canonical

    Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողները բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց ստացված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

  7. §5

    Հայերեն · canonical

    Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկներն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով կամ դրան փոխարինող և նույն պահանջները բավարարող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներով:

  8. §6

    Հայերեն · canonical

    Կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների համար սույն գլխին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում տեղադրված և կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով արձանագրված շրջանառությունը հիմք չէ հարկերի հաշվարկման համար, իսկ այդ հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցումից հանվում է (գրանցված լինելու դեպքում) Կառավարության սահմանած կարգով:

  9. §7

    Հայերեն · canonical

    Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը:

  10. §8

    Հայերեն · canonical

    Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների կիրառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ: